Լեռնային Ղարաբաղի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հերքեց Ադրբեջանի ՊՆ հաղորդումը իբր հայկական մի հենակետ կամ շտաբ ոչնչացնելու մասին:
«Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը՝ խուճապը մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված աղավաղելու մարտավարության»,- հայտարարեց Հասրաթյանը:
«Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդի տարածած «բեմականացված» ապատեղեկատվությունը, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրի այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»,- ընդգծեց Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության խոսնակը: ԼՂՀ ՊՆ կայքէջում հրապարակվեց հաղորդագրություն. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվությունները, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված»: